Աշխարհագրական տեղեկատվական համակարգ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
ԱՏՀ (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) (անգլերեն՝ GIS [])։ ԱՏՀ-ն ապարատածրագրային ամբողջություն է, մարդ-համակարգիչ փոխհարաբերություն, օժտված բազմաթիվ հնարներով, տարածական կոորդինատավորված (աշխարհագրական) տվյալների հավաքման, պահպանման, մշակման, վերլուծման և տարածման համար։
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերն առաջացել են XX դարի 60-ական թվականների սկզբներին։ Հենց այդ ժամանակ հայտնվեցին նախադրյալներ և պայմաններ թվայնացնելու համար գործունեության այն ոլորտները, որոնք կապված են աշխարհագրական տարածության մոդելավորման և տարածական խնդիրների լուծման հետ։ Նրանց զարգացումը պայմանավորված էր համալսարանների, գիտական հիմնարկների, պաշտպանական գերատեսչությունների և քարտեզագրական ծառայությունների ուսումնասիրություններով։
Առաջին անգամ «աշխարհագրական տեղեկատվական համակարգ» տերմինը հայտնվել է անգլալեզու գրականության մեջ և օգտագործվել է երկու տարբերակով՝ geographic information system և geographical information system։ Կարճ ժամանակ անց սկսեց օգտագործվել նաև կրճատ տարբերակով՝ GIS։ Որոշ ժամանակ անց այդ տերմինը մտնում է նաև ռուսական գիտական բառապաշարի մեջ և օգտագործվում է երկու տարբերակով՝ ամբողջական՝ географическая информационная система և կրճատված՝ геоинформационная система։ Սակայն ռուսական գրականության մեջ էլ շատ արագ գործածության մեջ մտավ ГИС տարբերակը։ Հայերենում ևս օգտագործվում է մի քանի տարբերակով՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգեր կամ կրճատ՝ ԱՏՀ, գեոինֆորմացիոն համակարգեր կամ կրճատ՝ ԳԻՀ, կամ պարզապես ԳԻՍ։
Կարճ՝ ԱՏՀ-ն սահմանվում է որպես տեղեկատվական համակարգեր, որոնք ապահովում են տվյալների հավաքումը, պահպանումը, մշակումը, ցուցադրումը և տարածումը, ինչպես նաև նրանց հիման վրա նոր տեղեկույթի (ինֆորմացիա) և տարածական կոորդինատավորված երևույթների մասին գիտելիքների ստացումը։
ԱՏՀ-ի հիմնական կատեգորիաներն են՝ տվյալներ, տեղեկույթ և գիտելիք։
ԱՏՀ-ն կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.
- ըստ տարածական տիրույթի. տարբերում են գլոբալ կամ մոլորակային ԱՏՀ, աշխարհամասային, ազգային (հիմնականում ունենում են պետության կարգավիճակ), միջազգային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և լոկալ (տեղական), այդ թվում քաղաքային և ուլտրալոկալ ԱՏՀ։ ԱՏՀ-ն ունակ է մոդելավորել օբյեկտներ և պրոցեսներ, որոնք գտնվում են ոչ միայն ցամաքում, այլ նաև ծովերում, օվկիանոսներում, ներքին ջրանցքներում։ ԱՏՀ-ի գործիքները վաղուց արդեն հաջողությամբ կիրառվում են ծովագնացության ոլորտում։ Համեմատաբար քիչ, բայց կան նաև գեոինֆորմացիոն համակարգեր, որոնց ազդեցության տիրույթը օդային տարածքն է։
- ԱՏՀ-ի տվյալների կազմը և կառուցվածքը որոշվում է ինֆորմացիոն մոդելավորման օբյեկտներով, որոնք կարող են լինել ինչպես իրական աշխարհի երևույթներ (անտառ, հող, ջուր, բնակչություն, տնտեսություն), այնպես էլ պրոցեսներ (ջրհեղեղներ, շրջակա միջավայրի աղտոտում, միգրացիա), ինչպես նաև ոչ իրական աշխարհի օբյեկտներ կամ գաղափարներ։
- ԱՏՀ-երը տարբերվում են ըստ ինֆորմացիոն մոդելավորման ոլորտների։ Լինում են բնապահպանական, հողային տեղեկատվական, քաղաքային, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և հետևանքները տեղայնացնելու համար նախատեսված ԱՏՀ և այլն։
- ԱՏՀ-ի պրոբլեմային կողմնորոշումը որոշվում է ըստ նրա մեջ լուծվող գիտական և կիրառական խնդիրների։ Դրանք կարող են դասակարգվել ըստ բարդության և մոդելավորվող օբյեկտների ու պրոցեսների ղեկավարման հնարավորությունների՝ օբյեկտների և ռեսուրսների հավաքում և պահպանում, վերլուծություն, գնահատում, մշտադիտարկում, ղեկավարում և պլանավորում, որոշումների ընդունման աջակցություն։
- ԱՏՀ-ի դասակարգումն ըստ դրանց ֆունկցիոնալության կապված է ԱՏՀ-ի ծրագրային ապահովման հետ։ ԱՏՀ-ի ամենահիմնական ֆունկցիաները տվյալների ստացումն է, դրանց թվայնացումը, պահպանումը, մշակումը, արտածումը (օրինակ, քարտեզի տեսքով), տարածումը և տվյալների օգտագործումը, ներառյալ դրանց հիմքի վրա որոշումների ընդունումը։
- Հայտնի է նաև ԱՏՀ-ի դասակարգում ըստ ղեկավարման մակարդակի։ Օրինակ, կախված գեոինֆորմացիոն համակարգի ռեսուրսները օգտագործող պետական մարմինների մակարդակից, տարբերում են դաշնային, տարածաշրջանային և հատուկ նշանակության ԱՏՀ, ընդ որում վերջինը օգտագործվում է ժողովրդական տնտեսության կոնկրետ ոլորտների ինֆորմացիոն կարիքների սպասարկման համար։
Ամփոփելով, կարող ենք ասել, որ աշխարհագրական տեղեկատվական համակարգ ասելով կհասկանանք սարքային-ծրագրային մարդ-մեքենա համախումբ, որն ապահովում է տվյալների հավաքում, մշակում, տարածական տվյալների ցուցադրում և տարածում, տարածության մասին ինֆորմացիայի և գիտելիքի տրամադրում գիտական և կիրառական խնդիրների լուծման ժամանակ, որոնք կապված են տվյալների վերլուծության, մոդելավորման, շրջակա միջավայրի կանխատեսման և ղեկավարման հետ և այլն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Геоинформатика, Под ред. В. С. Тикунова. М., Академия, 2005. 480с.
- Иванников А. Д., Кулагин В. П., Тихонов А. Н., Цветков В. Я., Геоинформатика, М.,МАКС Прес., 2001, 349с.
- Кросиер С., Буз Б., Далтон К., Митчел А., Кларк К., Начало работы в ArcGIS 9, ERSI, 1999-2004, 265с.
- Ստեփանյան Ս. Շ., Ազնավուրյան Կ. Ս., Երկրատեղեկատվական համակարգեր, Ուսումնական ձեռնարկ - Եր.։ ԵրՃՇՊՀ հրատ., 2009, 90 էջ։
- Гурьянова Л. В., Аппаратно-программные средства ГИС։ компьютерный практикум для студентов, часть 1, 2, Полоцк, 2011.
- Что такое ArcGIS, ERSI, 2001-2004, 124с.